ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Տոնոյան» ԲԿ–ում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 11։10-ի սահմաններում «Տոնոյան» բժշկական կենտոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ իրենց բժշկական կենտրոնում դանակահարված քաղաքացի կա»,–գրում է կայքը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ն է, որը «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ գտնվում է նշված բժշկական կենտրոնում։
Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նշված բժշկական կենտրոնի նկուղային հարկում Տիգրան Հ․-ին դանակի հարվածներ է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Ղուկաս Գ․-ն։
Շենգավիթի ոստիկանները ձեռարկում են անհրաժեշտ միջոցառումներ վերջինիս և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։