Եռաբլուրում բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել

Փաստաբանի խոսքով` քրգործն ակտիվ քննչական փուլում է, բայց մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում դեռ անձ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` քրեական գործն ակտիվ քննչական փուլում է։
«Ծնողներն են հարցաքննվում, տուժող են ճանաչվում։ Մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում անձ չկա»,–ասաց փաստաբանը և հավելեց, որ բոլոր ծնողները պետք է հարցաքննվեն, ապա նաև ոստիկանները։
Այնուհետև ծնողների և ոստիկանների միջև պետք է առերեսում տեղի ունենա, ինչից հետո իրավական գնահատական կտրվի։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել։