Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը
Հանդիպումը կայանալու է ռուսական կողմի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
«Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- ասաց նա։
Այսօր հայտնի դարձավ, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի նախորդ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 2-ին Ժնևում։
ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։