ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը Ռուսաստանի հետ հակամարտություն չի փնտրում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք Ռուսաստանի հետ հակամարտության չենք ձգտում, և նախագահ Ջո Բայդենը դա շատ հստակ է նշել»,- ասել է Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը միաժամանակ հաստատել է, որ ամերիկյան վարչակազմը, ինչպես նախկինում, մտադիր չէ զինծառայողներ ուղարկել Ուկրաինա:
«Մեր դիրքորոշումն այս հարցում չի փոխվել... Ոչ ոք չի ցանկանում, որ այդ հակամարտությունը միջուկային հարթություն տեղափոխվի, և մենք դրա համար պատճառներ չենք տեսնում»,- նշել է նա։
Քիրբին ընդգծել է, որ իրադարձությունների նման զարգացումը աղետ կդառնա բոլոր կողմերի համար, այդ թվում` հենց Ռուսաստանի: Միաժամանակ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը խոստովանել է` Վաշինգտոնում այս փուլում որևէ նախանշան չեն տեսնում, որ ՌԴ-ն պատրաստվում է միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք կիրառել որևէ տեղ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։