Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորների հետ

Ազգային Ժողովի նախագահը ռուս գործընկերներին է ներկայացրել Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը և ենթակառուցվածքներին հասցված վնասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Մոսկվա մեկնած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու հայ խորհրդականներն այսօր հանդիպել են Պետական դումայի «Եդիայա Ռոսիա» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն անվտանգային և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու հարցերում»,– հանդիպմանը հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանին ադրբեջանական զինված ուժերը երեկ կրկին հրաձգություն են իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձևաչափերի քննարկումներ և խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է «Եդիայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը:

Քննարկվել են նաև Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մոսկվայում
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ: