Այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից. Թադևոսյանը` ՀՖՖ–ի մասին

Աննա Թադևոսյանը պարզաբանել է ՀՖՖ–ում իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Աննա Թադևոսյանը չի շարունակի աշխատանքը ՀՖՖ-ում: Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Թադևոսյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար»,–նշել է նա։
Թադևոսյանը ՀՖՖ-ին հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն է մաղթել` շեշտելով, որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան։
Թադևոսյանը նշել է, որ չի դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու է փոխել շատ աղջիկների կյանքը՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք: