ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանում մասնակի զորահավաքի հետ կապված հարցերը շատ են, կարծես թե այդ ոլորտում տևական ժամանակ խնդիրներ են կուտակվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մասնակի զորահավաքի հարցում, ցավոք, բավականին խառնաշփոթ է։ Թեպետ, ցավոք, հաճախ խնդիրներ են լինում նաև այլ ուղղություններով։ Սակայն եթե չսկսեինք զբաղվել դրանով այնպես, ինչպես հիմա ենք անում, երբեք չէինք տեսնի այն խնդիրները, որոնք այնտեղ կուտակվում ու, կարծես թե, տևական ժամանակ էին կուտակվում», – ասել է Պուտինը ընտրված մարզպետների հետ հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ այժմ լավ առիթ է` պարզելու բոլոր այդ խնդիրներն ու որոշում կայացնելու ՌԴ ԶՈւ–ի զարգացման ուղղությամբ։
«Դիմում եմ մարզերի բոլոր ղեկավարներին. պաշտպանության նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումների, զինկոմիսարիատների հետ ամեն ինչ պետք է ուշադիր վերլուծել, թարմացնել բազան և առաջարկներ ներկայացնել կապված նրա հետ, թե այսուհետ ինչպես պետք է կազմակերպվի այդ աշխատանքը մեր երկրում», – ասել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ սա վերաբերում է ռազմական կազմակերպության բոլոր բաղադրիչներին` հավելելով, որ այն ամենը, ինչ կապված է զորահավաքի հետ` համակարգային այս մեծ աշխատանքի բաղկացուցիչ մասերից մեկն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել: Զորակոչվելու է ընդհանուր առմամբ 300 հազար պահեստազորային։ Դա ՌԴ-ի ընդհանուր զորահավաքային ռեսուրսի 1 տոկոսից փոքր-ինչ ավելին է։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։