Սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ–ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրը

Հայաստանի դրոշ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքելով լուրերը, թե իբր հոկտեմբերի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։