Քննարկվել են ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր. Սիմոնյանը հանդիպել է ռուս պատգամավորներին

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր և վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ ԱԺ–ից:
Հայ պատվիրակներն այսօր հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:
Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» («Новые люди») կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը:
Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների մասին:
«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») և Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:
Նշվում է, որ վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին: