ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք շուրջ 5 մլն դրամ կաշառք են վերցրել և օրինականացրել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն նույն վարչության ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա. Ա.-ի հետ 2022թ-ի սկզբին բազմաբնակարան շենքերի կառուցապատման գործունեությամբ զբաղվող ընկերությունից խոշոր չափի կաշառք է ստացել տվյալ ընկերության հարկային պարտավորությունները նվազեցնելու նպատակով։
«Պաշտոնատար անձինք նախ նշված ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքից ձեռք են բերել էականորեն զեղչված արժեքով երկու բնակարան, իսկ կաշառքի մյուս մասը ստացել են գումարի տեսքով։ Արդյունքում ընկերության սեփականատեր Ն. Մ.-ն Ա. Ա.-ին և Հ. Մ.-ին Երևան քաղաքի Մանանդյան փողոցում կառուցվող շենքում էականորեն ցածր արժեքներով վաճառել է երկու բնակարան` տարբերության մասով որպես գույքային առավելություն տալով խոշոր չափի՝ ավելի քան 2 մլն դրամ կաշառք»,- նշված է հաղորդագրությունում։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ պայմանավորվածության համաձայն` կաշառքի մյուս մասը` մոտ 2,5 մլն դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը ընկերության սեփականատերը փոխանցել է ավելի ուշ։
Այս հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՊԵԿ երկու պաշտոնյաներին և ՍՊԸ-ի երկու համասեփականատերերին:
ՊԵԿ պաշտոնյաներին մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փողերի լվացման և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: