Պատժամիջոցները պահանջում են համախմբվածություն ու ջանքերի ավելի մեծ կենտրոնացում. Պուտին

Վլադիմիր Պուտին
ՌԴ նախագահի խոսքով` նույնիսկ պատժամիջոցների խիստ պայմաններում պետք է ապահովել բոլոր սոցիալական պարտավորությունների կատարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Պատժամիջոցները պահանջում են հասարակության համախմբվածություն, այդ թվում ՝ օգնություն ՌԴ նոր տարածաշրջաններին: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրված մարզպետների հետ հանդիպման ժամանակ:
«Մեր երկիրն այժմ արտաքին ճնշման է բախվում։ Դա նաև հատուկ, առավել բարձր պատասխանատվության աստիճան է սահմանում տարածաշրջանների ղեկավարների, ինչպես և սկզբունքորեն իշխանության բոլոր մակարդակների ղեկավարների վրա, ավելի մեծ կենտրոնացում ու ջանքերի համախմբում է պահանջում մեր առջև ծառացած նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ հասարակության համախմբվածությունը, Դաշնության նոր սուբյեկտներին օգնելու պատրաստակամությունը կօգնեն ազատագրված տարածքներում վերականգնել խաղաղ կյանքը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ տարածաշրջանները հումանիտար բեռներ են հավաքում, բնակավայրերի կամ ամբողջ շրջանների շեֆությունը վերցնում իրենց վրա։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այդ աշխատանքին։ Վստահ եմ, որ մեր համաքաղաքացիները զգում են իրենց այդքան անհրաժեշտ աջակցությունը»,- ասել Է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով` նույնիսկ պատժամիջոցների խիստ պայմաններում պետք է ապահովել բոլոր սոցիալական պարտավորությունների կատարումը և հասնել տնտեսության աճի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 228-րդ օրը։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարները ստորագրեցին այդ շրջանները ՌԴ-ին միացնելու մասին պայմանագրերը: Պուտինը հայտարարեց, որ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները հանրաքվեների ընթացքում միանշանակ ընտրություն են կատարել: