Պատճառները խորքային և ինստիտուցիոնալ են. Գրիգոր Բեքմեզյանը դադարեցնում է լիազորությունները

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտնում է, որ խորհրդի անդամի երդումը հնարավորություն չէր տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի որոշել է դա անել խորհրդից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը դադարեցնում է լիազորությունները։ Իր որոշման մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Պատճառները, կարծում եմ, խորքային են և ինստիտուցիոնալ։ Համաձայն չլինելով վերջին ամիսներին խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ՝ փորձել եմ իմ լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում ամեն կերպ բացառել կամ կանխել խորհրդի ու դատական իշխանության անկախությունը վնասող տարբեր գործընթացները»,–մանրամասնել է Բեքմեզյանը։
Նրա խոսքով` որպես խորհրդի անդամ կաշկանդված լինելով օրենքով նախատեսված սահմանափակումներով՝ ինքը չի կարողացել հրապարակայնացնել այն մտահոգությունները, որոնք առաջացել են խորհրդի շուրջ ծավալվող իրադարձություններից։
Բեքմեզյանը նշում է, որ հարցազրույցների ժամանակ «բարակ կարմիր թելով» ցույց է տվել մտահոգությունները։
«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա գործընթացները, ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ ԲԴԽ–ի անկախության մասին իմ և խորհրդի անդամների մեծամասնության պատկերացումներն իրար չեն համապատասխանում։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ ԲԴԽ–ն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»,–գրում է Բեքմեզյանը։
Նա հավելել է նաև, որ խորհրդի անդամի երդումը հնարավորություն չէր տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին, ուստի որոշել է դա անել խորհրդից դուրս։
Հիշեցնենք, որ Բեքմեզյանը խորհրդի անդամ էր ընտրվել 2019-ի հունիսին։
Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ