ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին հանդիպմանը անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի, հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել Պրահայում կայացած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքների շուրջ:
Կարևորվել է ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ապահովումը:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել էր Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։