ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:
«Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը: