Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և Հայաստանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է։
«Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է»,-մասնավորապես ասել է նա:
Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը
Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը, շեշտելով, որ մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում:
Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի:
Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից:
1 / 3

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

2 / 3

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

3 / 3

Մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:
Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։
Մրցաշարի բացման արարողությունից հետո 3 խաղատախտակի վրա խորհրդանշական առաջին քայլը կատարել են Վահրամ Դումանյանը, Մխիթար Հայրապետյանն ու Տիգրան Ավինյանը: