ՀԱՊԿ-ը չի կարողացել օպերատիվ և արդյունավետ արձագանքել․ Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik ՀԱՊԿ-ըչի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և տարածաշրջանում կայունության հաստատման գործում:
«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօրվանից եռօրյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։
Ալեն Սիմոնյան ու Վյաչեսլավ Վոլոդինն ընդլայնված կազմով հանդիպումից առաջ ունեցել են առանձնազրույց, որը տևել է մոտ մեկ ժամ։
Ալեն Սիմոնյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը