ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն իր ամբողջականության վերականգնման հարցով սպասում է Ռուսաստանի արձագանքին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Մենք դաշնակցային երկրներ ենք, բարեկամ ժողովուրդներ ենք և շարունակում ենք մեր դաշնակցային հարաբերությունները։ Այո՛, կան որոշակի խնդիրներ։ Մենք արձանագրել ենք այդ խնդիրներն ու մեր գործընկերների հետ աշխատում ենք, և դեռևս սպասում ենք հստակ քայլերի ու գործողությունների, որոնք վերաբերում են մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և պայմանագրային մեխանիզմների գործարկմանը»,– ասաց պատգամավորը։
Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընգծել էր, որ ակնկալում է կառուցողական երկխոսության շարունակականություն և համատեղ ակտիվ աշխատանք երկու երկրների միջև դաշնակցային գործընկերության և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների և պետությունների:
Նա նաև վստահություն էր հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, վստահության մթնոլորտի ձևավորմանը։