ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը հերքում է տեղեկությունները, թե ոսկու ձուլակտորներ է արտահանում Թուրքիա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ««ԳեոՊրոՄայնինգ» խմբի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նշենք, որ ՊԵԿ–ի պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանից Թուրքիա հիմնականում ոսկի է արտահանվել։ Հայաստանից արտահանած ոսկու մեծ ծավալը մամուլում տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Մասնավորապես նշվում է, որ արտահանողը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունն է, իսկ արտահանումն, ըստ մամուլի, իրականացվել է ոսկու ձուլակտորների տեսքով։
««ԳեոՊրոՄայնինգ գոլդն» իր պատմության ողջ ընթացքում երբեք պատրաստի Դորե արտադրանքը չի արտահանել Թուրքիա։ Նախորդ տարիներին Դորե ձուլակտորներն արտահանվել են Կանադա, Շվեյցարիա: Ներկայում արտադրանքի արտահանումը բաժին է ընկնում ԱՄԷ-ին և Հնդկաստանին»,–հայտնում է Գրիգորյանը։
Նշենք, որ ընկերությունն արտադրում է ոչ թե ապրանքային ոսկի, այլ միայն Դորե համաձուլվածք։
Հիշեցնենք, որ Հայաստանից Թուրքիա արտահանված 20 377 800 դոլարի ապրանքից 20 167 100 դոլարը եղել են ոսկին, պլատինն ու ոսկու փոշին (ընդհանուր` 353,1 կգ)։ Պատրաստի ոսկերչական իրարը կազմել են 5 900 դոլար (կամ 200 գրամ)։
Համեմատության համար նշենք, որ 2021թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա ոսկի–ոսկեղեն ընդհանրապես չի արտահանվել։
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում։
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» Հայաստանում շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթքի և Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը, ինչպես նաև Արարատի ոսկու կորզման գործարանը: