ԵԽԽՎ–ում քննարկվելու է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան

ԵԽԽՎ նիստ. Արխիվային լուսանկար
Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանն անցկացվելու է հոկտեմբերի 10-14–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ստրասբուրգում այսօր իր աշխատանքն է սկսում Եվրոպայի Խորհրդի խոհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն անցկացվելու է հոկտեմբերի 10-14–ը։ Ինչպես հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը՝ քննարկվելու է նաև Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հարցը։
«Ընթացիկ հարցերի շուրջ մի քանի բանավեճ է լինելու հետևյալ թեմաներով՝ «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկսվելուց կես տարի անց», «Պարենային անվտանգությունը Եվրոպայում. հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներով» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները»։ Հայցվել է նաև հրատապ բանավեճ ունենալ «Ռուսաստանի Դաշնության վերջին աղաղակող և անմարդկային գործողությունների» վերաբերյալ։
Քննարկվելու են նաև մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։