Բլինկենն Ալիևի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

Էնթոնի Բլինկենը. Արխիվային լուսանկար
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները։ Տեղեկությունն այսօր հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Բլինկենը բարձր է գնահատել «այն դրական քայլերը, որոնք ձեռնարկում են Ադրբեջանն ու Հայաստանը կայուն խաղաղ համաձայնության հասնելու համար», ներառյալ վերջերս արտաքին գործերի նախարարների և երկու պետությունների ղեկավարների ուղղակի բանակցությունները:
Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը և կոչ արել Ալիևին շարունակել խաղաղ գործընթացին աջակցելուն ուղղված գործողությունները:
Բլինկենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման ու նույնականացման, ձերբակալվածների վերադարձի և այլ հարցերի վերաբերյալ:
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար իրավունքների և երաշխիքների քննարկման, ինչպես նաև երկու կողմից էլ հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որպեսզի կենտրոնանան բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելու վրա:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ Ալիևը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2022 թվականի վերջը: