Ասորական հոգևոր ժառանգությունը հուսալի ձեռքերում է. Խզմալյանն ընդունել է Մար Ավա 3-րդին

Հայերի և ասորիների միջև որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում: Նման համոզմունք է հայտնել Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը, որի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորքային պատմական առնչություններին, պատմական փորձի և հենքի վրա որակական նոր մակարդակի համագործակցության հաստատման անհրաժեշտությանը:
Խզմալյանը նշել է, որ պատմական դժվար ժամանակներում նման բարձր կարգի հանդիպումները ձեռք են բերում շատ մեծ նշանակություն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդ գլխավորած պատվիրակությանը
Այս համատեքստում ընդգծվել է ասորագիտության խթանման, մասնավորապես՝ ասորագիտության դպրոցի կայացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: Կարևորվել են հայ և ասորի մասնագետների միասնական քայլերը պատմական և մշակութային խեղաթյուրումների դեմ:
Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Ավա 3-րդը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ ասորական լեզվի, մշակույթի պահպանման գործում առկա գործընթացների համար և գոհունակությամբ հավելել, որ Հայաստանում ասորական ազգային հոգևոր ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում:
Հայաստանում մենք լիարժեք քաղաքացիներ ենք. հարգանքի տուրք` ասորիների ցեղասպանության զոհերին
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով: