Առաջին անգամ ՀՀ–ում համերգներ կտան լեգենդար Թեոդոր Կուրենտզիսը և musicAeterna նվագախումբը

«Զվարթնոց» տաճար
Համերգները տեղի կունենան Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Զվարթնոց տաճարում և Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում առաջին անգամ համերգներով հանդես կգան լեգենդար դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna նվագախումբը, երգչախումբը, պարային խումբը և musicAeterna byuzantina երգչախումբը:
Համերգները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հոկտեմբերի 15-ին՝ Զվարթնոց տաճարում և հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը՝ Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում:
Հյուրախաղերի նպատակն է համերգներով ընդգծել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ներկայացնել համաշխարհային դասական և հոգևոր երաժշտությունը, ինչպես նաև նպաստել երկրի երիտասարդ տաղանդների զարգացմանը:
Հյուրախաղերի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին Երևանում:
Հոկտեմբերի 15-ին Արարատ լեռան ստորոտին՝ Զվարթնոցի տաճարի մոտ, մայրամուտին տեղի կունենա «Տառապանքը բոլոր լեզուներով նույն կերպ է հնչում» պար-ողբի պրեմիերան: Բեմադրությունը կներկայացնի musicAeterna Dance խումբը, որի հիմնադիրը նույնպես Թեոդոր Կուրենտզիսն է։ Պարային ներկայացման խորեոգրաֆը Վլադիմիր Վառնավան է, ռեժիսորը՝ Աննա Գուսևան:
Հյուրախաղային ծրագրի կուլմինացիան Ալֆրեդ Շնիտկեի Կոնցերտի կատարումն է a capella երգչախմբի համար՝ ըստ Գրիգոր Նարեկացու բանաստեղծական տեքստերի: Այն տեղի կունենա հոկտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հյուրախաղերը կավարտվեն հոկտեմբերի 17-ի՝ լույս 18-ի գիշերը: Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում musicAeterna և musicAeterna byuzantina երգչախմբերը կներկայացնեն Lux Aeterna («Հավերժական լույս») ծրագիրը, որը միավորում է տասդարյա ռուսական և եվրոպական հոգևոր երաժշտությունը։
Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍՆ–ի և Էկոնոմիկայի նախարարության մասնակցությամբ: Նախագծի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Արամ Խաչատրյան համերգասրահը: