Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Հայաստան

Մատվիենկոն նշել է, որ Հայաստանը ՌԴ–ի համար միայն դաշնակից չէ` երկու երկրները կապված են եղբայրական ջերմ հարաբերություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է` ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Նշվում է, որ ծավալուն անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն և կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի ռազմավարական շահերին»,- շեշտել է Սիմոնյանը։
Սիմոնյանը Մատվիենկոյին հրավիրել է Երևան։ Վերջինս նշել է, որ սիրով կընդունի հրավերը. նրա խոսքով` Հայաստանը ՌԴ–ի համար միայն դաշնակից չէ` երկու երկրները կապված են եղբայրական ջերմ հարաբերություններով։
Պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ն աշխատի. Ալեն Սիմոնյան
Գործընկերները փաստել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:
Ի դեպ, հաջորդ ամիս Երևանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպել էր նաև Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Վերջինս ասել է, որ համամիտ է Սիմոնյանի գաղափարի հետ. տարածաշրջանային անվտանգության հարցերը պետք է խորհրդարանական ձևաչափով քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: