ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, հայտնում է Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար:
Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: