Վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին

Երգչուհի Շերը. Արխիվային լուսանկար
Երգչուհի Շերելին Սարգսյանը սոցցանցում գրել է, որ հայերին ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան) Twitter-յան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Հայաստանը նավթ չունի։ Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան...»։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։