ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի մի քանի հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ է սկսել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնում են, որ վերականգնվելու է Քոբայրավանքի սեղանատունը, նորոգվելու են Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերը, ամրակայվելու է Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածը։
Բացի այդ, վերականգնվելու և նորոգվելու են Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, Գոշավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք նորոգման կամ վերականգնման աշխատանքներ նախատեսված են անմխիթար վիճակում գտնվող Թալինի Սուրբ Կաթողիկե և Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում։ Գերատեսչությունից հայտնում են` 7-րդ դարում կառուցված Սուրբ Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի և մասնակի կբարեկարգվի։
«Եկեղեցու վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքները նախաձեռնվել են բարերարների՝ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից: Վերականգնման աշխատանքները իրականացվելու են նշյալ բարերարների միջոցներով, իսկ աշխատանքները սկսվելու են 2022 թ. և տևելու են 2-3 տարի»,–ասված է նախարարության պատասխանում։
Նշվում է նաև, որ կկատարվեն եկեղեցու ամրակայման և ամբողջական վերականգման աշխատանքներ: Ի դեպ, այն առաջին անգամ վերականգնվել է 1926 թ., մասնակի վերականգնումներ են կատարվել 1939 թ., 1947 թ., 1970-1974 թվականներին
Եկեղեցին կառուցել է Կամսարականների իշխանական տոհմը և համարվում է այդ ժամանակաշրջանի ամենամեծ կրոնական համալիրներից մեկը տարածաշրջանում: Այժմ ավերված վիճակում է. 1840թ. երկրաշարժի հետևանքով քանդվել են եկեղեցու գմբեթն ու նրա հարավարևմտյան մասը:
Ինչ վերաբերում է Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, ապա մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից նախարարությունը ստացել է եկեղեցու գմբեթի նախագծային և հաջորդող վերականգնման աշխատանքների իրականացման համագործակցության առաջարկ:
«Նախարարությանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական խորհրդատվությամբ օժանդակելու խնդրի լուծմանը և առաջարկել է լիցենզավորված կազմակերպության միջոցով ուսումնասիրել հուշարձանը։ Ըստ այդմ` կազմել տեխնիկական վիճակի վերաբերյալ ակտ, դրա հիման վրա՝ նախագծային առաջադրանք, մշակել էսքիզային նախագիծ՝ ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի համաձայնեցմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 662-ին և ավարտվել 666-ին: Եկեղեցու պատերը զարդարված են եղել շքեղ որմնանկարներով, որոնք գրեթե ոչնչացված են: Եկեղեցու գմբեթը քանդված է։
2023 թ. նախատեսված վերականգնման աշխատանքների ցանկը դեռ հաստատման փուլում է: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում այն հուշարձանները, որտեղ նորոգման կամ վերականգնման աշխատանքներ են իրականացնում, ԿԳՄՍՆ–ն հայտնում է, որ ընտրության սկզբունքը հետևյալն է՝ պարբերաբար իրականցվում են մշտադիտարկումներ, դրանց արդյունքում կազմվում է առավել վտանգված հուշարձանների ցանկ, որտեղից, հաշվի առնելով վերականգնման հնարավորությունը (մոտեցման ճանապարհ, նախագծի առկայություն), ընտրվում են վերականգնվող և ամրակայվող հուշարձանները:
Նշենք, որ Հայաստանում ավելի քան 24 հազար պատմամշակութային հուշարձան կա, որոնցից ավելի քան 500-ը այս պահին առավել վտանգվածների ցանկում են։