ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Նոր տվյալներ են հայտնի դարձել Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների մասին։ Telegram-ի «112»-ի տվյալներով՝ անհետ կորած է համարվում երեք մարդ, երեք մարդ էլ զոհվել է:
Արդեն դուրս են բերել մի տղամարդու և մի կնոջ մարմինները: Նրանց ինքնությունը պարզվում է։ Ջրասուզակները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում։
Հայտնի է, որ պայթած բեռնատարի վարորդից բացի զոհվել են «Cadillac» և «Mitsubishi» մարդատար մեքենաների վարորդներն ու ուղևորները:
Նշվում է, որ պայթյունի օրը զոհերի որոնումները դժվարացրել են եղանակային վատ պայմանները։
Ղրիմի կամուրջի հատվածներից մեկում հոկտեմբերի 8–ին պայթել էր վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել էր։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են, սակայն կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր վարչապետ Միխայիլ Միշուստինին կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները պարզելու ու հետևանքները վերացնելու համար: