«Հայը» հային խանգարում է. Դավիթ Գասպարյանը գտել է մեր հոգեբանությունը փոխելու բանալին

Դավիթ Գասպարյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի խոսքով` այսօրվա իրավիճակը նաև կրթական ոլորտում տարիներ շարունակ ներդրվող «բարեփոխումների» հետևանք է։
Sputnik
Իրավիճակը, որում հայտնվել ենք, մենք ստեղծել ենք տարիների ընթացքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, չարենցագետ Դավիթ Գասպարյանը։
«Իրար չլսելը, իրար մերժելը դարձել է ապրելակերպ․ ընտանիքները, համայնքները, բարեկամները բաժանված են խմբերի։ Մոռանում ենք, որ երկրի ղեկավարները գալիս-գնում են, երկրի տերը ժողովուրդն է։ Մենք ստեղծեցինք վատ ժամանակներ և վատ հասարակություն», - արձանագրում է գրականագետն ու պատճառահետևանքային կապ տեսնում մասնագիտական ոլորտում։

Ոչ բարի «բարեփոխումներ»

Վերջին տարիների կրթական ոլորտի փոփոխությունները Դավիթ Գասպարյանը դժվարությամբ է անվանում «բարեփոխումներ»։ Նա չարիք է համարում 12-ամյա կրթությունը, երբ ավարտական դասարանի տղայի մի ոտքը զինկոմիսարիատում է, մյուսը՝ դպրոցում. հարկավոր է վերադառնալ 10-ամյա կրթությանն ու դպրոցականին չենթարկել ավելորդ սթրեսի։ Մասնագետի դիտարկմամբ` երեխան ավարտում է հիմնական դպրոցի 9-րդ դասարանը, հետո փոխում է դպրոցն ու միջավայրը, և առաջ են գալիս այդ տարիքին բնորոշ հազար ու մի հոգեբանական խնդիրներ։ Նա առանձին զրույցի թեմա է համարում ներդրվող կրթական ծրագրերը։
«Հայրենասիրություն, սեր, ավանդական արժեքներ, որոնք ժողովրդին ժողովուրդ են պահել, երեխային՝ իր տեսակի կրողը, այսօր մատուցվում են անհասկանալի «Հուզանք ու զանգ» բեմադրությամբ», - տարակուսանք է հայտնում Գասպարյանը։
Նրա խոսքով` բուն մասնագիտական մտածողությունն ու վերահսկողությունը վերածվել են սիրողականի, և դրա հետևանքով է, որ մենք պարտվեցինք, ու այդ պարտությունը այսօր էլ է շարունակվում։
Ազգերը մտածում են լավ ապրելու մասին, մենք՝ լինել-չլինելու. դրամատուրգի մտորումները

«Հայը» հային խանգարում է

2 տարի առաջ քննարկվում էին 7, 8, 9-րդ դասարանների գրականության չափորոշիչները։ «Հայ» բառը ուզում էին հանել, հետո պահեցին, բայց ներառվեցին ավելի շատ օտար հեղինակներ, քան հայ», - ասում է Գասպարյանը և առաջարկում ստեղծել առանձին արտասահմանյան գրականության դասագիրք, ոչ թե հայ գրականության հաշվին՝ խառնելով արժեքներն ու չափանիշները։
Մասնագետը ցավով նշում է` այսքան աղետալի վիճակ հայ դպրոցի համար դեռ չէր եղել։

Ազգային հիշողության բթացում

Հարվածը իջավ հումանիտար ոլորտի առարկաների վրա՝ պատմություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, գրականություն։ «Մարդը մարդուն՝ աշակերտին, հիշողությունը փոխանցում է հենց այս առարկաների միջոցով։ Ո՞վ է հայ մարդը, որտեղի՞ց է գալիս, ի՞նչ ճանապարհ է անցել։ Դրա համար խորհրդային տարիներին հայոց պատմությունը հանում էին, որ մարդը կորցնի ազգային հիշողությունը», - ասում է Գասպարյանը և շեշտում` հիմա դժբախտաբար համանման մի բան է կատարվում։

Թշնամու լեզվի մասին

Գրականագետը համոզված է, որ թշնամու լեզվի իմացությունն անհրաժեշտություն է, ավելին` պետք է ունենալ այնպիսի ինստիտուտ, որն ուսումնասիրի քո թշնամու ամեն ինչը և ապահովի տեղեկատվությունը. յուրաքանչյուր իրեն հարգող երկիր ունի։ Բայց նման ծրագիրը դպրոցական համակարգ չպետք է մտնի, այլ լինի բուհական հարթակում, որտեղ կսովորեն թուրքերեն, ադրբեջաներեն, այնուհետև կանցնեն համապատասխան աշխատանքի։

Մի՞թե դոնոր երկիր ենք մենք

«Այդ որ «խելոքն» է որոշել, որ հայ երեխան բուհ ընդունվելիս հավասար իրավունքով կարող է քննություն հանձնել կա՛մ մայրենի լեզվից, կա՛մ անգլերենից։ Այդպես որոշողը իր երկիրը տեղն ու տեղը ծախում է և արդեն իսկ պարտված է իր երկրում», - զայրույթը չի զսպում Գասպարյանը։ Նա առաջարկում է այդպիսի որոշում կայացնողներին հրապարակային քննարկման ենթարկել։ Մասնագետը պնդում է` երեխան պետք է քննություն հանձնի մայրենի լեզվից։
«Երեխան ո՞ւմ համար է մեծանում, թե՞ մենք էն գլխից ուրիշ աշխարհների համար ենք երեխա մեծացնում, դոնոր-երկիր ենք», - հռետորական հարց է ուղղում Գասպարյանը։
Նա համոզված է` մինչև մենք չունենանք ազգային ինքնագիտակցության ու գործունեության ծրագիր, մեր սահմանները միշտ վտանգի տակ կլինեն՝ և՛ պետական, և՛ հոգևոր։ Մինչդեռ թշնամին մտել է մեր տարածքը, իսկ մենք ասում ենք՝ «դո՛ւրս արի»։ Այդպես չի լինում։

Չարենցը մի ամբողջ ակադեմիա է

Չարենցագետը հիշում է, որ Չարենցին շատ էին քննադատում, պրոլետարական գրողների մի ամբողջ ասոցիացիա ընկած էր նրա հետևից։ Անգամ Հրաչյա Քոչարը երկու անգամ 37 թվականին ամբիոններից հայտարարեց.«Եղիշե Չարենցը քար է, որ ընկած է մեր ճանապարհին։ Որքան շուտ դեն նետենք քարը, այնքան շուտ կբացվի մեր ճանապարհը դեպի մեր պրոլետարական վառվռուն գրականություն»։ Բայց հատկանշական է, որ նրա թշնամիները, քննադատելով հանդերձ, այնուամենայնիվ, կրում էին Չարենցի ազդեցությունը՝ գրելիս օգտագործում էին նրա ոճն ու բառապաշարը։
44-օրյա պատերազմի որդեկորույս ծնողները հիմա օգնում են մյուսներին. զրույց հոգեբանի հետ

Լռության մեջ քիչ է մնում` ինքնասպան լինեն

Հարցին, թե արդյոք պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մտավորականներին հաջողվել է իրենց շուրջը համախմբել հանրությանը և շրջադարձային քայլեր ձեռնարկել, Գասպարյանը հիշեցնում է․ «Առաջին նախագահը ամենալավ մտավորականներից մեկն էր, բայց իր շուրջը մտավորական չհավաքեց։ Նրանց շուրջը համախմբվելը հեշտ բան չէ։ Մեծ մարդկանց գոյությունը մնում է նրանց դասերում»։ Մտավորականի տեղն ու դերն էլ բոլոր ժամանակներում գրականագետը պարզաբանում է զուգահեռներով․
«19-20 թվականներ. Թումանյանը անտարբե՞ր էր։ 37 թիվ, հալածանքներ. Չարենցը անտարբե՞ր էր։ Նույնը և այսօր։ Մեր արվեստագետները ծանր են տանում, լռության մեջ քիչ է մնում` ինքնասպան լինեն այս վիճակից․ և՛ իրենց գրի մեջ է երևում, և՛ իրենց լռության, և՛ իրենց արվեստի, - ասում է արվեստագետն ու հավելում,– մտավորականի վրա շատ բան մի՛ բարդեք, պահանջե՛ք, որ իր արվեստը լավ ստեղծի»։

Պարտվածի խաղաղությունը տխուր է

«Խաղաղության դարաշրջան» եզրույթը Գասպարյանը բնութագրում է հստակ. «Հաղթողները խաղաղություն պարտադրում են, պարտվածները՝ երազում»։ Նրա համոզմամբ` 30 տարվա մեջ չկարողացանք աշխարհին հասկացնել, որ Ղարաբաղը Հայաստանն է, որ ղարաբաղցին հայ է։ Նա հիշեցնում է առավել քան երբևէ արդիական թումանյանական խոսքերը` շատ թշնամի, քիչ բարեկամ տեսած ժողովուրդ ենք, և հավելում, որ մենք չկարողացանք մեզ բարեկամ ստեղծել։
«Խաղաղությունը մեզ պետք է, որ օր առաջ կարողանանք «խաղաղություն» կոչվածը ստեղծել, բայց պարտվածի խաղաղությունը արժանապատիվ չէ։ Նման խաղաղությունը շատ տխուր է»։
Ամփոփելով զրույցը` Դավիթ Գասպարյանը մեջբերում է Մոնթեին, որն ասում էր՝ մենք մեր 5-6 տոկոսի հույսին ենք։ Չարենցագետը համոզված է, որ հակահայ հոգեբանությունն ու էությունը կարող է փոխել միայն չարենցյան միասնականության ուժի մասին պատգամը։
Ի՞նչ երդում է տալիս աճպարարը. «Մոգության արքա» Վարդան Ամիրյանը գաղտնիքներ է բացահայտում