Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ կրակել է սահմանի արևելյան հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հայկական կողմն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:
Իսկ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր` իբր թե հայկական կողմը երեկ երեկոյան կրակել է Քարվաճառի շրջանի ուղղությամբ։