ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ի առավոտյան` 07։30–ին, Արտաշատում բնակվող երեք ընկերներ որոշել են գնալ որսի, սակայն արտակարգ դեպքի պատճառով նրանց պլանը ձախողվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրանցից մեկի «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հասնելով Տափերական գյուղի հանդամիջյան տարածք` նրանցից մեկը մեքենայի սրահում փորձել է լիցքավորել իր որսորդական հրացանը և պատահաբար կրակել է։ Գնդակը կպել է այդ պահին մեքենայի հետնամասում նստած 45-ամյա ընկերոջը։
Տղամարդուն որովայնի հրազենային վիրավորումով հասցրել են Արտաշատի հիվանդանոց, որտեղից դեպքի մասին հաղորդել են ոստիկանությանը։
Պարզվել է, որ որսորդական զենքը` «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը, պատկանել է որսի գնացած տղամարդկանցից մեկին։
Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։