Նախապայմաններ ու պահանջներ առաջադրելով` Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում է փակուղի։ Երկու երկրների բանագնացները կշարունակեն շփվել ու բանակցել, բայց Անկարայի կողմից նման պահվածքի շարունակման դեպքում որևէ դրական արդյունք չի արձանագրվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Փաշինյան–Էրդողան հանդիպմանը։
Հայտնել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոտկեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը։
«Թուրքական կողմից ներկայացվող պահանջները շատ հստակ են, դրանց մասին Էրդողանը խոսել էր նախապես։ Ըստ այդմ` Անկարան հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք պայմանագրի հետ, ինչից հետո համաձայն է բացել հայ–թուրքական սահմանը։ Այսինքն` խոսքը վերաբերում է նույն նախապայմաններին ու պահանջներին, նույն քաղաքականությանը, որի ականատեսն ենք եղել բազմաթիվ անգամ»,– նշեց ակադեմիկոս թուրքագետը։
Նրա գնահատմամբ` Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումն ուներ ճանաչողական նշանակություն, որի ընթացքում սկզբունքային հարցեր չեն քննարկվել, առավել ևս, որ հանդիպումն էլ երկար չի տևել։ Կողմերն իրենց կողմնորոշումներն են վերահաստատել, որոնց բոլորն էլ քաջածանոթ են։ Նման հանդիպումներն, ըստ նրա, թվացյալ կարող են շատ ջերմ երևալ, սակայն բացարձակապես առնչություն չունենալ ընթացող բանակցությունների հետ։
Սաֆրաստյանը պնդում է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի դիտարկում որպես եկկողմանի խնդիր, այլ ծառայեցնում է այդ հարցը մեր տարածաշրջանում իր ռազմավարական քաղաքականությանը, որի նպատակն է Հարավային Կովկասը բերել իր ազդեցության ներքո` այդտեղից դուրս մղելով Ռուսաստանին։ Այդ նպատակով էլ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին, որպեսզի վերջինս ճնշում գործադրի Հայաստանի վրա և ապագայում ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը համահունչ լինի Թուրքիայի շահերին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: