Ծաղկաձորի մարզահամալիրը հավակնում է դառնալ տարածաշրջանային նշանակության մարզական կենտրոն

Որոշվել է 2023թ–ին Ծաղկաձորի մարզաբազայի շահագործման 55-ամյակին նվիրված միջազգային ֆորում անցկացնել` այստեղ մարզված օլիմպիական չեմպիոնների, տարբեր սպորտաձևերում համաշխարհային համբավ ունեցող մարզիկների ու պարալիմպիկ խաղերի չեմպիոնների մասնակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն ընդլայնում է հնարավորություններն ու հավակնում դառնալ տարածաշրջանային նշանակության մարզական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը։
Մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի, Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունները, օլիմպիական չեմպիոններ և այլ համաշխարհյին համբավ ունեցող մարզիկներ ու մարզական տարբեր ֆեդերացիաների ղեկավարներ այցելել են Ծաղկաձոր` ծանոթանալու մարզահամալիրի հնարավորություններին, քննարկելու զարգացման հեռանկարները։
Ծաղկաձորի մարզաբազայի ղեկավարության հրավերով երկօրյա այցով Հայաստան ժամանած հյուրերը
Հայաստան ժամանած մեծ բարերար Ալբերտ Բոյաջյանը և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը հյուրերին վստահեցրել են, որ նրանց ներկայացրած առաջարկները հաշվի կառնվեն մարզաբազայի հետագա զարգացման ծրագրում։
Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինը մարզաբազայի տարածքում շրջայցից հետո նշել է, որ Ծաղկաձորում մեծ էներգետիկա կա, որը կօգնի մարզիկներին վերականգնվել ու պատրաստվել մարզումներին:
«Հուսով եմ, որ մեր երկրների գործակցության արդյունքում կվերականգնվի այն ընտանիքը, որը եղել է անցած տարիներին»,- ասել է ռուսաստանցի նախարարը` համոզմունք է հայտնել, որ մարզաբազայում ձեռք բերված մարզավիճակը թույլ կտա բազմաթիվ մեդալներ նվաճել:
Նա նաև առաջարկել է 2023 թվականին բազայի շահագործման 55-ամյակին նվիրված ֆորում անցկացնել, որին կմասնակցեն տարբեր տարիների օլիմպիական խաղերի չեմպիոններ ու պարալիմպիկ մարզիկներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրերի հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ առաջարկել է միջոցառմանը միջզգային մասշտաբ հաղորդել։
«Ծաղկաձորի մարզաբազայում հարյուրավոր օլիմպիական չեմպիոններ են մարզվել, հետո նվաճել տիտղոսներ: Մենք ցանկանում ենք, որ միջոցառումը նաև միջազգային մասշտաբ ունենա։ Ուստի ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, այլ նաև մյուս երկրների օլիմպիական չեմպիոններին ենք հրավիրելու: Հայաստանի կառավարությունը` հանձին ԿԳՄՍ նախարարության, կմիանա նախաձեռնությանը: Կանենք ամեն ինչ ֆորումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասել է փոխնախարարը։
Ռուսաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական 4-ակի չեմպիոն Ելենա Վյալբեն ևս ողջունել է մտահղացումը, մանավորապես` անվաչմուշկներով մարզվելու համար կառուցվող ասֆալտապատ ուղին,և հետաքրքրվել, թե արդյոք նախատեսվում է վերանորոգել մարզահամալիր տանող ճանապարհը։ Ի պատասխան Ծաղկաձորի քաղաքապետը նշեց, որ քաղաքի ասֆալտապատման աշխատանքներն արդեն իսկ սկսված են։
Հանդիպման ընթացքում օլիմպիական խաղերի և աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, լողորդ Վլադիմիր Սալինկովը և թենիսի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը հիշեցին, որ բազմաթիվ մեդալներ նվաճել են հենց Ծաղկաձորում մարզվելուց հետո:
Ծաղկաձորի մարզաբազայի հյուրերը
Մարզաբազայի տարածքում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ 2023թ–ի մայիսին նախատեսվում է ավարտել մարզահամալիրի աթլետիկական մանեժը, դահուկորդների համար էլ անվաչմուշկներով մարզվելու 6.8 կմ երկարությամբ ասֆալտապատ ուղի կգործի:
Ծաղկաձորի մարզաբազայի հյուրերը
Միջազգային չափանիշներին համապատասխան թենիսի կորտերի շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի օգոստոսի 17-ին և կավարտվի 2023–ի սկզբին:
Նախատեսվում է կառուցել 9 գրունտային և երկու փակ կորտեր` հանդիսատեսի համար տրիբունայով, հանդերձարաններով և բացօթյա սրճարանով:
Մարզահամալիրի գույքն ամբողջությամբ նախատեսվում է թարմացնել, բռնցքամարտի դահլիճը կահավորել համապատասխան գույքով։