Սեռական խնդիրը մեղք կամ ամոթ չէ. սեքսոլոգը խոսել է հայ զույգերի հիմնական պրոբլեմներից

Սեքսոլոգ Ռուզաննա Ազատյանը Sputnik Արմենիայում
Ռուզաննա Ազատյանը նկատել է` կանայք ավելի հեշտ են խոսում սեռական խնդիրներից, բայց ավելի հաճախ իմիտացիա անում հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Սեռական խանգարումները բացահայտելու և բուժելու համար կարևոր է, որ ամուսինները կամ սեռական զուգընկերները քննարկեն իրենց ցանկություններն ու խնդիրները։ Այս մասին Sputnik Podcast-ի շրջանակներում ասաց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանը։

Ազատյանը 21 տարի է` աշխատում է հայաստանցի զույգերի հետ. ասում է` նրանց մոտ ամենաշատն ախտորոշվում է երեք խնդիր`տղամարդկանց մոտ սեռական թուլություն ու վաղաժամ սերմնաժայթքում, իսկ կանանց մոտ` վագինիզմ։

Մասնագետի այցելուների 70%-ը միասին են փորձում հաղթահարել առաջացած խնդիրները. նա նկատեց, որ կանայք հիմնականում ավելի հեշտ են խոսում սեռական խնդիրներից, քան տղամարդիկ։ Ազատյանը չի բացառում, որ դա պայմանավորած է նրանով, որ ինքը ևս կին է։ Հենց այս պատճառով հիմա ընդունված է զույգային թերապիայի պրակտիկան` տղամարդ և կին սեքսոլոգները միաժամանակ աշխատում են զույգի հետ։
«Խոսելը օգնում է հաղթահարել գիտակցված ու չգիտակցված խնդիրները։ Փորձը ցույց է տալիս, որ, խնդիրներն ավելի հեշտ հաղթահարում են այն զույգերը, որոնց հարաբերությունները հիմնված են անկեղծ զգացմունքի վրա։ Սիրո վրա հիմնված ընտանիքը հեշտ է փրկվում», - ընդգծեց սեքսոլոգը։
Վերջին տարիներին զույգերն ավելի ինքնուրույն են և ֆինանսապես ազատ։ Ազատյանը նկատեց, որ դրանով պայմանավորված` այժմ նրանք քիչ են սեքսոլոգի մոտ գալիս զոքանչի կամ սկեսուրի հետ, իսկ նախկինում եղել են դեպքեր, երբ զույգի հետ եկել են գերդաստանում հեղինակություն ունեցող մորաքույր–հորաքույրը կամ քավոր–քավորկինը։
«Սեռական խնդիր ունենալը մեղք կամ ամոթ չէ, պետք է ժամանակին ճանաչել այն ու քայլ անել բուժման համար։ Ժամանակը մեր կյանքից է գնում, պետք չէ խնդիրը թաքցնել ու մտածել, որ ինքն իրեն կանցնի», - նշեց նա։
Սեքսոլոգը կարծում է, որ եթե կա փոխադարձ համաձայնություն, ապա զույգերը կարող են օգտագործել սեռական խաղալիքներ կամ «Կամասուտրա» ուսումնասիրել։ Ըստ նրա` դա կօգնի հաղթահարել սեռական ձանձրույթը, կբազմազանեցնի սեռական կյանքը և կունենա դրական ազդեցություն հարաբերությունների վրա։
Ինչ վերաբերում է երեխաների սեռական կրթությանը, ապա, ըստ սեքսոլոգի, դրա համար չկա հստակ տարիք, քանզի սեփական մարմինը, ֆիզիոլոգիական դրսևորումները ճանաչելու, հիգիենայի մասին հոգ տանելու մասին կարելի է խոսել ամենավաղ շրջանից։ Անհրաժեշտ է միայն հաշվի առնել երեխաների զարգացման էտապները, թույլատրելիության սահմաններն ու ինտելեկտը։
Նա նաև հորդորում է ծնողներին ազատություն տալ երեխաներին ու հարգել նրանց անձնական սահմանները, հատկապես պուբեռտատ (սեռական հասունություն) շրջանում, որպեսզի հետագայում նրանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարումներ չառաջանան։
Ավելի մանրամասն` տեսանյութում։