ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի թափուր մնացած աթոռի համար ԱԺ իշխող խմբակցության փակ նիստում երեկ թեժ «մարտեր» են ընթացել։
Նիստից որոշ մանրամասներ է հայտնում «Հապարակ» օրաթերթը` գրելով, որ խմբակցությունը բաժանվել է 2 մասի` ՔՊ հնաբնակները պաշտպանել են Արփի Դավոյանի թեկնածությունը, մյուսները՝ Արուսյակ Ջուլհակյանի։
Թերթի տեղեկություններով` Ջուլհակյանը 2 ձայն ավելի է հավաքել և 28/30 հարաբերակցությամբ ընտրվել հանձնաժողովի փոխնախագահ:
Բայց մինչ քվեարկությունը նիստում այնպիսի կրքեր են բորբոքվել, որ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կեսից նեղացել ու դուրս է եկել։
«Նա կողմ է եղել Ջուլհակյանի թեկնածությանը, որն ավելի մոտ է իրավաբանությանը, քան Դավոյանը։Ասել է` սա ծանր հանձնաժողով է, խնդիրը փոխնախագահի համար նախատեսված «պադավատի» ու վարորդի համատեքստում մի՛քննարկեք, պետք է լինի օրենքից հասկացող մեկը, որ կարողանա կազմակերպել հանձնաժողովի աշխատանքը»,– հայտնում է «Հրապարակը»։
Հիշեցնենք` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը թափուր է մնացել ՔՊ–ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեռանալուց հետո, որը վայր է դրել պատգամավորական մանդատն ու նախօրեին ԱԺ արտահերթ նիստում ընտրվել ՀՀ ԿԸՀ նախագահ։