ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Ծաղկաձորում Chessmod Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է դարձել:
Վերջին՝ 9-րդ տուրում Պետրոսյանը ոչ-ոքի է խաղացել հայրենակից Շանթ Սարգսյանի հետ և 9 հնարավորից 7,5 միավոր վաստակել: Նույնքան միավոր է վաստակել նաև իրանցի Ամիրեզա Աղա բալան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող է դարձել Մանուէլ Պետրոսյանը:
Երրորդ տեղը գրավել է վրացի գրոսմայստեր Միխայիլ Մչեդլիշվիլին, որը 7 միավոր է հավաքել: Մրցաշարի երկարամյա առաջատար Տիգրան Պետրոսյանը, ինչպես նաև Հայաստանի հավաքականի մարզիչ Արման Փաշիկյանը կիսել են 4-7-րդ տեղերը՝ 6,5-ական միավոր հավաքելով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 180 շախմատիստներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից: