ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի կամրջի վրա դիզելային վառելիքով երկաթուղային շարժակազմի հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։
«Ղրիմի կամրջի վրա դիզելային վառելիքով երկաթուղային շարժակազմի հրդեհը մարվել է, այս պահին բաց այրում չի նկատվում: Մարմանը ներգրավված է 250 մարդ, 70 միավոր տեխնիկա», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմի կամրջի հատվածներից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է վառելիքով լի ցիստեռնը: Երթևեկությունը կամրջի վրա դադարեցվել է։ Միջադեպի հետևանքով կամրջի երկու ավտոմոբիլային հատվածները մասամբ փլուզվել են։ Կամրջի նավարկելի հատվածի վրայի կամարը վնասված չէ։
«Ռուսական երկաթուղին» հայտնել է, որ Ղրիմի հետ հաղորդակցության բոլոր գնացքները ժամանակավորապես չեն գործի, դրանց տոմսերի վաճառքը դադարեցվել է:
«Ուշացած կամ չեղարկված ուղերթերի գնացքների տոմսերը կարելի է վերադարձնել առանց լրացուցիչ վճարների»,-հայտնում է ընկերությունը։
Լուծվում է ուղևորների տեղափոխման այլընտրանքային եղանակների հարցը։ Դեպքի վայր են մեկնել Կերչ ու Թաման-Պասաժիրսկայա կայարանների վերականգնողական գնացքները:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինին կառավարական հանձնաժողով ստեղծել՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառները պարզելու ու հետևանքները վերացնելու համար: