Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ լքել Իրանը

ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` ուղղված Ֆրանսիայի քաղաքացիներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի ԱԳՆ–ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանց բոլորին պաշտպանել չեն կարող, դրա համար էլ ավել ի լավ է` լքել Իրանը։
«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս արագ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալության ռիսկերը»,-ասվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները ենթարկվում են կալանքի և անարդար դատաքննության ռիսկերի։
«Այս համատեքստում Իրանում ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու` Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները շատ սահմանափակ են»,-հայտարարել են գերատեսչությունում:
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել Մահսա Ամինիի մահից հետո։
22-ամյա աղջկա մահը Իրանում բողոքի ակցիաների պատճառ է դարձել
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Ամինիի մահից հետո Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մահացածների թիվը հասել է 41-ի. ԶԼՄ
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ խոշոր քաղաքներում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։