ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ բացվել է Պալիատիվ ծառայության նոր կինիկա։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության տարածած հաղորդագության համաձայն` նորաբաց կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար: Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը բաղկացած է 45 հաստիքից:
Հայաստանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է Պալիատիվ ծառայության նոր կինիկա
Կլինիկայի ներդրումային ֆոնդը կազմել է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի միջոցներով:
Վարչապետն այցելել է նաև ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։
«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ–քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում»,– բացման արարողության ժամանակ ասել է Փաշինյանը։
Նա նաև կարևորել է այնպիսի միջավայրի ձևավորումը, որպեսզի հիվանդություններ բուժելու փոխարեն հիվանությունները վաղ ախտորոշվեն ու նախականխվեն։
«Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել», հայտնել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ ամաչելու առիթները կա՛մ շատ քիչ են եղել, կա՛մ չեն եղել։ Իսկ գիտամասնագիտական ու առողջապահության կազմակերպման ոլորտներւմ լուրջ հաջողություններ են եղել, որոնք այսուհետ արդեն պետք է համապատասխանեցվեն միջազգային թրենդներին։
Փաշինյանը կարևորել է նաև կրթության ու առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, գյուղերում։
«Դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից, և առողջապահության ոլորտում այլ հատվածներում, մարզերում, համայնքներում, բնակավայրերում, գյուղերում բացերը լրացնենք»,– ասել է Փաշինյանը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական պարգևների։