ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԻն մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ հրդեհը բռնկվել է մասնավոր շինությունում։ Այրվում են այնտեղ կուտակված շինանյութերն ու փայտը:
ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են այսօր ժամը 17։40-ին։ Հրդեհը բռնկվել է Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, ինչից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին։