«Ատոմային» չէ, բայց էլի օգտակար է. ինչ խելացի լուծումներ է Երևանին առաջարկում «Ռոսատոմը»

Միխայիլ Տուրունդաև
Արտասահմանյան ընկերությունների հետ միասին «Ռոսատոմը» արդեն աղբի այրման գործարաններ է կառուցում Մոսկվայի մերձակայքում և Կազանում: «Ռոսատոմը» պատրաստ է այդ տեխնոլոգիան, ինչպես և իր «Խելացի քաղաք» լուծումը, ներդնել նաև Հայաստանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան. «Ռոսատոմ» ռուսաստանյան պետական կորպորացիան պատրաստ է հայ մշակողների հետ միասին հանրապետությունում ոչ էներգետիկ նախագծեր ներդնել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում «Ռուսատոմ-միջազգային ցանց» ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը Երևանում անցկացված Expo Russia Armenia ցուցահանդեսի շրջանակներում կայացած կլոր սեղանի ժամանակ։
Երևանի տրանսպորտի ծայրահեղ վիճակն ու քաղաքացիների բողոքը. համակարգային լուծում է պետք
Նա նշեց, որ «Ռոսատոմ» կորպորացիան գոյության գրեթե 80 տարիների ընթացքում ինժեներական կարողություններ է կուտակել «Խելացի քաղաքների» համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներում: Այդ նպատակով «Ռոսատոմն» առաջարկում է միասնական տեղեկատվական միջավայր, որն օգնում է արդյունավետ կերպով զարգացնել քաղաքային ենթակառուցվածքը։ Այստեղ հնարավոր է վերահսկել տրանսպորտի, կրթության, առողջապահության, բնակարանային համակարգերի, անվտանգության և այլ ոլորտները: Դրա օգնությամբ, օրինակ, քաղաքային տրանսպորտի խաչմերուկն անցնելու ժամանակը կրճատվել է 15-20%-ով: Հետիոտնային փուլի միջին սպասման ժամանակը կրճատվում է 18-23%-ով:
Հարթակի թվային ծառայություններն ապահովում են քաղաքի արդյունավետ կառավարումը և ծառայություններ են առաջարկում բնակիչների, բիզնեսի ներկայացուցիչների և քաղաքապետարանի աշխատակիցների համար:
Մյուս նախագիծը, որը «Ռոսատոմը» հաջողությամբ իրականացնում է գործընկեր ընկերությունների (ճապոնա-շվեյցարական Hitachi Zosen) հետ, աղբի այրման գործարաններն են: Դրանք արդեն կառուցվում են Մոսկվայի մերձակայքում և Թաթարստանում: Նույնպիսի նախագիծ առաջարկվում է նաև Հրազդանի ՋԷԿ-ի համար: Ընդ որում` այրման ուղարկելուց առաջ աղբը հարկավոր է տեսակավորել, որպեսզի այն նույն ջերմաստիճանում և ամբողջությամբ այրվի: Այդ դեպքում այրման ընթացքում արդյունաբերության համար օգտակար մի շարք նյութեր են առաջանում. իներտ խարամ, այրումից մնացող ցնդող մոխիր, որոնք օգտագործվում են ճանապարհային և շինարարական աշխատանքների ժամանակ:
Հետխորհրդային երկրներում դեռևս չկա աղբը տեսակավորած թափելու մշակույթը, ինչպես Արևմուտքում, բայց այն կարելի է տեսակավորել հենց գործարանում: Դա կարող են անել ռոբոտները` «մեքենայական տեսողության» օգնությամբ, կարող են անել նաև մարդիկ։ Գործարանի կառուցումը սոցիալական ազդեցություն է գործում և թույլ է տալիս յուրաքանչյուր էլեկտրակայանում աշխատանքի տեղավորել մինչև 400 մարդ, ևս մինչև 2500-ը կարող են զբաղված լինել շինարարության ընթացքում, հավելեց Տուրունդաևը:
Աղբի այրման գործարանի կառուցումը թույլ է տալիս կրճատել աղբավայրերի տարածքը, ինչպես նաև կենցաղային թափոնները օգտագործել որպես այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր վառելիք, քանի որ 1000 կգ թափոնների այրումը 690 կվտ/ժամ էլեկտրաէներգիա է ստեղծում:
Տեղով փող է. ինչ իրավիճակ է Նուբարաշենի այրվող աղբավայրում և ինչ գաղտնիքներ է այն ամփոփում
Ինժեներական նախագծեր են կազմվում նաև փոքր, հեռավոր բնակավայրերի համար, ինչը ևս արդիական է Հայաստանի համար, հավելեց նա: Մասնավորապես, «Ռոսատոմն» արդեն էլեկտրաէներգիայի կուտակիչներ է հավաքում, որոնք ցերեկը լիցքավորվում են, երեկոյան՝ օգտավործվում: Իհարկե, արդյունաբերական մասշտաբի կուտակիչներ (որոնք կբավականացնեին մի ամբողջ քաղաքի) դեռևս չկան, բայց փողոցային լուսավորության և էլեկտրատրանսպորտի լիցքավորման կայանների համար ներկայիս հզորությունները լիովին կբավականացնեն, նշեց Տուրունդաևը:
Այս և այլ նախագծեր ակտիվորեն քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և պրոֆիլային նախարարությունների հետ, բայց «Ռոսատոմը» պատրաստ է դրանք ներդնել Հայաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում, այդ թվում՝ հայ մշակողների աջակցությամբ: