Թուրքիան ԵՄ-ից կապերի զարգացում է ակնկալում՝ միության անդամակցության հեռանկարով․ Էրդողան

Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին անդամակցության հայտ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Անկարան Եվրամիությունից ակնկալում է Թուրքիայի հետ կապերի զարգացում՝ ԵՄ-ին միանալու հեռանկարի հիման վրա։ Նման հայտարարություն է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Թուրքիան առանցքային երկիր է ԵՄ-ի և ողջ եվրոպական մայրցամաքի համար։ Թուրքիան անփոխարինելի է ԵՄ-ի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում հանրության դերը վերաիմաստավորելու գործում»,-ասել է Էրդողանը Anadolu գործակալությանը։
Ընդ որում` նա նշել է, որ Եվրոպական քաղաքական հանրությունն այլընտրանք չէ ԵՄ ընդլայնման քաղաքականությանը: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի մասնակցությունն այդ հարթակին վնաս չի հասցնի Եվրամիությանը Անկարայի անդամակցության գործընթացին։
«Անկարայի հիմնարար ու հիմնական ակնկալիքը կայանում է նրանում, որ Եվրոպական քաղաքական հանրությունը կամրապնդի մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ և իր ներդրումը կունենա դաշինքին մեր անդամակցության գործընթացում։ Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ն կզարգացնի կապերը Թուրքիայի հետ հանրությանը նրա միանալու հեռանկարի հիման վրա՝ չենթարկվելով որոշ երկրների շահերին ու ամբիցիաներին»,-ընդգծել է Էրդողանը։
Թուրքիան ՌԴ-ին խնդրում է գազի դիմաց վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվական
Թուրքիան 1963-ին ԵՄ-ի (այն ժամանակ՝ ԵՏՄ) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին անդամակցության հայտ է ներկայացրել։ Սակայն անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով։ Այժմ բաց են բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ը։