Շառլ Միշելն անդրադարձել է Փաշինյանի մասնակցությամբ Պրահայի քառակողմ հանդիպմանը

Քառակողմ հանդիպումը Պրահայում
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հոկտեմբերի վեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քառակողմ հանդիպմանը։
«Քննարկվել են կայուն ապաէսկալացիայի և խաղաղության աշխուժացման ջանքերը, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցել»,- գրել է Միշելը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: