ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Պրահայի հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմք հայտարարված 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրը թույլ է տալիս արձանագրել, որ Արցախն այդ պահին դուրս էր եկել ոչ միայն Խորհրդային Ադրբեջանի, այլև ԽՍՀՄ–ի կազմից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, որն անձամբ ներկա է եղել հռչակագրի ստորագրման արարողությանը։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Հռչակագրի ստորագրման պահին Արցախն արդեն անկախ էր
1991թ–ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ընդունված հռչակագրին նախորդել էր դեկտեմբերի 8-ին Բելովեժյան նույնաբովանդակ հռչակագիրը, որը ստորագրել էին միայն Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան, հետևաբար այն չէր կարող վերաբերել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ Արցախին։
Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ–ից դուրս գալու ու ԱՊՀ–ին միանալու հռչակագիրը ստորագրեցին դրանից 13 օր անց` դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում։ Ստորագրված նոր հռչակագրին միացան նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, ինչպես նաև նախորդ հռչակագիրը ստորագրած Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան։
Խոսրով Հարությունյանը հիշեցնում է, որ մինչ այդ 1991թ–ի դեկտեմբերի 10–ին տեղի ունեցած անկախության հանրաքվեով Արցախն արդեն դուրս էր եկել ԽՍՀՄ–ի ու նաև Խորհրդային Ադրբեջանի կազմից` համաձայն 1991թ–ի ապրիլին ընդունված «ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին» ԽՍՀՄ օրենքի։
«Հետևաբար, եթե մենք տարածքային ամբողջականության ճանաչման համար հիմք ենք ընդունում դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, ապա մենք պետք է արձանագրենք, որ դրա ստորագրման պահին Արցախը ԽՍՀՄ–ի կազմում չէր, հետևաբար և Ադրբեջանի կազմում չէր»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ տարիներ շարունակ ՀՀ ղեկավարների այն հայտարարությունը, թե Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ խնդիր չունի, արվել է հենց այս փաստի հիման վրա, որ երբ Ադրբեջանն անկախացել էր, Արցախն արդեն դրա կազմում չէր։
Ադրբեջանը ԽՍՀՄ–ի կազմից դուրս գալու հանրաքվե չի անցկացրել, ինչպես նախատեսում էր ԽՍՀՄ օրենսդրությունը։ Փոխարենը 1991թ–ի օգոստոսին ընդունել է անկախության հռչակագիր, որը նոյեմբերին հաստատվել է Միլլի Մեջլիսում։
Իսկ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպումից հետո Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումը, ըստ նախկին վարչապետի, կարող է նշանակել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի համար հիմք կընդունվի 1991թ–ին գոյություն ունեցած իրողությունը։
Պրահայում ընդունված հայտարարությունը, ըստ Խոսրով Հարությունյանի, ընդամենը առաջին քայլն էր, որը, ըստ հայտարարության հեղինակների, կարող է բանակցային պրոցես սկսելու հիմք հանդիսանալ։
Բայց այս հռչակագրի հիշատակումը հայ–ադրբեջանական հարաբերությունների այս փուլում, նրա դիտարկմամբ, կարող է հիմք դառնալ ԼՂ խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված` ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում բանակցային պրոցեսը վերականգնելու համար։
«Ես այս հնարավորությունը տեսնում եմ, համենայնդեպս, ես կփորձեի այս հնարավորությունն օգտագործել»,– ասում է նախկին պաշտոնյան` հավելելով, որ դրա համար դիվանագիտական լուրջ փորձառություն, ճկունություն, ինչպես նաև բանակցային ողջ պրոցեսի ու միջազգային իրավունքի փայլուն իմացություն է հարկավոր։
ԽՍՀՄ–ի քաղաքակիրթ ապահարզանի դեկլարացիա
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների որոշման հարցում Ալմա Աթայի հռչակագրի իրավական նշանակությանը` Խոսրով Հարությունյանը նշեց, որ այն, ըստ էության, ԽՍՀՄ հանրապետությունների համար քաղաքակիրթ ապահարզանի տարբերակ էր և միջպետական հարաբերությունների նոր կազմավորում` ԱՊՀ–ն ստեղծելու մասին ազդարարող փաստաթուղթ։
«Այնտեղ, ըստ էության, դրված են միջպետական հարաբերությունների համար միջազգային իրավունքի ստանդարտ ձևակերպումներ։ Խոսվում է և՛ ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի բացառման մասին, և՛ ինքնորոշման իրավունքի, և՛ տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման մասին։ Բայց դա ընդամենը դեկլարացիա է»,– ասաց Հարությունյանը` հավելելով, որ Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության ճանաչման իրավական հիմք Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող լինել։
Սահմանազատումը տարածքային ամբողջականության ճանաչման հիմք չէ
Խոսրով Հարությունյանը նշում է, որ միջազգային որևէ կառույցում չկա մի փաստաթուղթ, որով ճանաչվում են տվյալ երկրի սահմանները։ Միջազգայնորեն ճանաչելի սահմաններ ասելով` հասկանում են հարևան պետությունների կողմից ճանաչված միմյանց սահմանները, որոնք սահմանազատվել են միջազգային իրավունքի հիման վրա։
Բացի այդ, նա նաև հիշեցնում է` 2017թ–ի դեկտեմբերին ԵԱՀԿ քարտուղարությունն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների համար պարտադիր կիրառման ենթակա փաստաթուղթ, որը կոչվում է «Միջպետական սահմանների սահմանազատում և սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ»։
Այդ փաստաթուղթը, նրա մեկնաբանմամբ, առաջին հերթին ուղղված էր հենց հետխորհրդային տարածքի միջպետական սահմանների ձևավորմանը։
ԵԱՀԿ–ի փաստաթուղթն ամրագրում է մի շարք կարևոր սկզբունքներ։ Օրինակ` «ինչ տիրապետում եմ, այն էլ տիրապետում եմ» սկզբունքը չի կարող հիմք դառնալ սահմանազատման խնդիրների լուծման ժամանակ։ Կամ որ սահմանազատված սահմանը չի կարող նոր լարվածության կամ սպառնալիքների աղբյուր լինել։ Նշվում է նաև, որ սահմանազատումն ու սահմանագծումը դեռևս տարածքային ամբողջականության ճանաչում չեն նշանակում։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները սահմանազատման ու սահմանագծման արդյունքում չեն կարող զրկվել իրենց բնական կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից, օրինակ` տունը հայտնվի մի պետության տարածքում, գոմը կամ այգին` մեկ այլ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պետք է իրականացվի այս սկզբունքների հիման վրա։ Մինչդեռ Ալմա Աթայի հռչակագիրն այս լուծումները չի տալիս,– ասաց Հարությունյանը,– հակառակ դեպքում, եթե կար ԱՊՀ պետությունների միջև 1991թ–ի հռչակագիրը, և եթե այն կարող էր միմյանց սահմանները ճանաչելու հիմք դառնալ, ապա հարց է առաջանում` 2017թ–ի դեկտեմբերին ԵԱՀԿ–ն ինչո՞ւ ընդունեց միջպետական սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող նոր փաստաթուղթը»,– հռետորական հարցադրում է անում նախկին վարչապետը։
Հարությունյանի համոզմամբ` հայկական կողմը միջազգային հարթակներում ու բանակցային գործընթացներում պետք է բարձրացնի հենց 2017թ–ի ԵԱՀԿ այդ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, քանի որ ԵԱՀԿ անդամ պետությունները պետք է առաջնորդվեն այդ կազմակերպության կողմից մշակված ու հաստատված սկզբունքներով։
Ի դեպ, ԵԱՀԿ փաստաթղթում ամրագրված այն կարևոր սկզբունքը, թե սահմանազատումն ու սահմանագծումը տարածքային ամբողջականության ճանաչման հիմք չեն, որպես միջազգային իրավունքի նախադեպային նորմ ամրագրվել է նաև ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումներով։ Որպես հիմնավորում Խոսրով Հարությունյանը հիշեցնում է, որ այդ սկզբունքի հիման վրա են լուծվել Մալի–Բուրկինա Ֆասո, Սալվադոր–Հոնդուրաս տարածքային վեճերը։