ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Նյու Յորքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անօրինական միգրանտների ու փախստականների ներհոսքի պատճառով։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսն այդ մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ։
«Նյու Յորք քաղաքում արտակարգ դրություն եմ հայտարարում և հրաման արձակում, որով պաշտոնապես հանձնարարվում է բոլոր համապատասխան գործակալություններին համակարգել ջանքերը մարդասիրական օգնության կենտրոններ ստեղծելու համար»,– հայտարարել է նա։
Ադամսի պնդմամբ` ավելի քան 17 հազար փախստական է եկել քաղաք, հիմնականում Հարավային Ամերիկայից, որոնց Նյու Յորք են բերում ավտոբուսներով։ Ժամանակավոր կացարան է տրամադրվել ավելի քան 61 հազար մարդու։
«Մենք ակնկալում ենք այս ճգնաժամի համար առնվազն 1 մլրդ դոլար ծախսել մինչև ֆիսկալ տարվա վերջ։ Ապաստան փնտրողներից շատերը չգիտեն, թե ուր են գնում կամ ինչ է նրանց սպասում ժամանելուց հետո։ Սեպտեմբերի սկզբից մենք տեսնում ենք օրական միջինը 5-6 ավտոբուս»,– հավելել է նա։
Իշխանությունների գնահատականներով` եթե միգրացիոն հոսքի աճի տեմպերը պահպանվեն, առաջիկա տարում Նյու Յորքում փախստականների թիվը կգերազանցի 100 հազարը:
ԱՄՆ սահմանապահ ծառայության տվյալով` ամերիկյան իշխանությունները վերջին 11 տարում ավելի քան 2 մլն անգամ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների են ձերբակալել, իսկ տարեկան կտրվածքով այդ թիվը զգալիորեն գերազանցում է 2021 թվականի տվյալները։