Լիտվան, Ավստրիան և Ռումինիան խոսել են ՀՀ–Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության գաղափարի մասին

Հայաստանի և Ադրբեջանի դրոշները Սոթքում
Երեք պետության արտգործնախարարները նման լուծում էին առաջարկել դեռ անցած տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ավստրիան, Լիտվան և Ռումինիան խոսել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարի մասին։ Տեղեկությունը հայտնում է Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում։ Առաջին անգամ այն հնչեցրել են Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները անցյալ տարվա հունիսին Հարավային Կովկաս կատարած իրենց այցի ժամանակ։ Եթե այն ամուր լինի, ապա կարևոր քայլ կդառնա տարածաշրջանի կայուն խաղաղության ճանապարհին»,– ասված է Twitter–յան հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: