Հայտնաբերված 12 խախտումները չեն վերացրել. ՔՏՀԱ տեսչական մարմինը` «Փեթակի» փակման մասին

«Փեթակ». Արխիվային լուսանկար
Տեսչական մարմինը պարզաբանում է, որ նման խախտումներով «Փեթակ» առևտրի կենտրոնի հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել, քանի որ ընկերությունը դեռ նախորդ տարի հայտնաբերված 12 խախտումները չի վերացրել։
Նշվում է, որ տեսչական մարմինը 2021 թվականի հունիսի 𝟏𝟒-𝟏𝟖-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 𝟏𝟐 խախտումներ։
«Սուրմալուի» ողբերգությունից 9 օր անց բացվել է «Փեթակ» առևտրի կենտրոնը. գնորդներ էլ կան
Խախտումների հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ՝ Տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։
«Նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 𝟐𝟐-𝟐𝟓-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։ Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, խախտումները չեն վերացվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները և վարձակալները կառվարության շենքի մոտ պահանջում են, որպեսզի տնօրենը շտապ պարզի առկա խնդիրները, որոնց պատճառով փակվել է առևտրի կենտրոնը, դրանց լուծում տա, որպեսզի սկսեն աշխատել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` քանի որ անգործ էին մնացել, և փողոցը միակողմանի բացվեց։