ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանում բարձր են գնահատում մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք ամուր հիմք են բոլոր ոլորտներում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար»,– նշել է Խաչատուրյանը։
Նա ընդգծել է` ակնկալում է, որ ՌԴ նախագահի ջանքերը կշարունակեն կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության դինամիկ զարգացման գործում։
Խաչատուրյանի խոսքով` դա կնպաստի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը:
ՌԴ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ Արցախում բարձ են գնահատում Ռուսաստանի Դաշնության և Պուտինի անձնական ներդրումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման, արցախցիների իրավունքների և անվտանգության պաշտպանության գործում։
«Ուզում եմ հույս հայտնել, որ Դուք այսուհետ էլ կլինեք մեր ժողովրդի կողքին և կշարունակեք Ձեր ծանրակշիռ ջանքերը հիմնախնդրի վերջնական ու արդարացի կարգավորման ուղղությամբ»,–նշել է նա:
Հարությունյանը Պուտինին և ռուս ժողովրդին խաղաղություն ու մեծագույն հաջողություններ է մաղթել։