ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան. Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության մասին վկայող անգին ցուցանմուշները պահվում են ռուսական հայտնի թանգարաններում։ Այդ մասին նշել են Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում կայացած թանգարանային ռոուդ-շոուի ժամանակ։
Ազգագրության ռուսական թանգարանի տնօրեն Յուլյա Կուպինայի խոսքով՝ իրեն վստահված թանգարանը ներկայացնում է ՌԴ-ի ու հարակից երկրների ավելի քան 158 ժողովուրդներին: Թանգարանում պահվում են ավելի քան 670 հազար եզակի նմուշներ, որոնց թվում է հայկական մշակույթին նվիրված հավաքածուն, որը ներառում է 6 250 իր՝ ավանդական մշակույթի 3 650 նմուշ և 2 600 լուսանկար և այլ նկարազարդումներ:
Յուլյա Կուպինա
© Sputnik / Aram Nersesyan
Հայերի մշակույթին նվիրված «ոսկե հիմնադրամը» ձևավորվել է դեռ թանգարանի հիմնադրման շրջանում. դրանք դաշտային հավաքներ էին, արվեստաբանների, երկրաբանների, բանասերների, արևելագետների, նկարիչների հավաքածուներ: Կուպինան ավելացրեց,որ հայերի մշակույթը ներկայացված է որպես մարդկության մշակույթի մաս։
«Ազգագրական մեծ թանգարանի խնդիրն է ժողովուրդների յուրօրինակ «ընտանեկան ալբոմ» ներկայացնել», - ասել է նա:
Հայկական մշակույթին ու դրա ականավոր երաժշտական գործիչներին նվիրված բազմաթիվ ցուցանմուշներ կան, որոնք պահվում են նաև Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի ֆոնդերում:
Թանգարան գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը նշել է, որ իրենց ֆոնդերում շատ նյութեր են պահվում Զառա Դոլուխանովայի, Սերգեյ Բալասանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի մասին: Ի դեպ, Բաբաջանյանի հոբելյանը Ռուսաստանում նշվում է արդեն երեք տարի, հաջորդ տարի էլ են հիշատակի երեկոներ նախատեսված։
Միխայիլ Բրիզգալով
© Sputnik / Aram Nersesyan
«Միաժամանակ մենք ցուցահանդեսներ ենք անցկացնում ու ժողովրդականացնում սիրելի կոմպոզիտորներից մեկի ստեղծագործությունը ոչ միայն Հայաստանում, Ռուսաստանում, այլև նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բայց ամենակարևորն այն է, թե ինչով ենք զբաղվում՝ հավաքում ենք ֆոնդեր, արտեֆակտներ և այն, ինչ կապված է Բաբաջանյանի անվան հետ։ Մեզ արդեն հաջողվել է շատ հետաքրքիր բաներ հավաքել», - նշել է Բրիզգալովը։
Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի թանգարանը մեծ շուքով նշելու է Արամ Խաչատրյանի հոբելյանը։ «Մենք արդեն լրջորեն պատրաստվում ենք դրան, մեծ ցուցահանդես ենք պատրաստում, ու կանենք դա մեր հայ գործընկերների հետ», - ավելացրել է նա։
Կինոյի պետական կենտրոնական թանգարանի տնօրեն Լարիսա Բաժենովան իր հերթին ասել է, որ թանգարանն ունի 11 տարբեր ֆոնդեր, որոնցում Հայաստանի կինեմատոգրաֆի պատմության մեծ թվով ցուցանմուշներ կան: Նա նաև ներկայացրել է մի շատ հետաքրքիր եւ քիչ հայտնի փաստ.
Լարիսա Բաժենովա
© Sputnik / Aram Nersesyan
«Ընդունված է համարել, որ Հայաստանի կինեմատոգրաֆի պատմությունը սկսվում է 1923 թվականից՝ «Պետկինո» կինոստուդիայի ստեղծման պահից (բազմիցս վերանվանվել է, իսկ այժմ՝ «Հայֆիլմ»)։ Չգիտեմ, թե որքանով է դա կոռեկտ, որովհետև իրականում առաջին հայկական ֆիլմը հայտնվել է 110 տարի առաջ, և փաստացի հայկական կինոյի հիմնադիր կարելի է համարել Վահան Զարդարյանին, որը 1912 թվականին նկարահանել է «Հայկական Սինեմա» ֆիլմը։ Չնայած այն հանգամանքին, որ այս ֆիլմը կորել է, ինչպես այն տարիների շատ այլ ֆիլմեր, դրա գոյության փաստը վկայում է այն մասին, որ հայկական կինեմատոգրաֆը շատ ավելի տարիքով է», - ասել է Բաժենովան։
թանգարանային ռոուդ-շոու Հայաստանի ազգային պատկերասրահում
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ կինոյի թանգարանի ֆոնդերից մեկում բավական շատ էսքիզներ են ներկայացված՝ կապված «Պեպո» հայկական առաջին ձայնային կատակերգության հետ։ Կատակերգությունը լույս է տեսել 1935 թվականին, իսկ թանգարանում պահվում են 1925 թվականի «Պեպո» ներկայացման էսքիզները։ Նաև Սերգեյ Փարաջանովի հետ կապված բազմաթիվ արտեֆակտներ կան։
Մասնավորապես` նրա նամակագրությունը Կատանյանների ընտանիքի հետ, նվերները, որոնք նա ուղարկել է նրանց, «Նռան գույնը» ֆիլմի նեգատիվը։ Ֆոնդերում պահվում են նաև Էդմոնդ Քեոսայանի «Հուսո աստղ» ֆիլմի համար Ժաննա Մելքոնյանի ստեղծած տարազների էսքիզները, բեմադրող նկարիչ Պերճ Սարգսյանի էսքիզները խորհրդային «Չիպոլինո» մուլտֆիլմի համար, «Հայֆիլմի» մեծ թվով պաստառները և այլն: