ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ղրիմի հայ համայնքը 1 մլն ռուբլու չափով մարդասիրական օգնություն է հավաքել Սիմֆերոպոլի զինվորական հոսպիտալի համար։ Այս մասին ասվում է «Ղրիմ 24» հեռուստաալիքի ռեպորտաժում։
Նշվում է, որ գումարը հավաքվել է ընդամենը երկու օրում։ Այդ միջոցներով հնարավոր է եղել գնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հիվանդանոցին օգնելու համար։
Ղրիմի հայ համայնքի նախագահ Գեորգի Հակոբյանը նշել է, որ սա յուրօրինակ երախտագիտություն է իշխանություններին` ազգային փոքրամասնություններին աջակցելու համար։
«Ղրիմում ապրում է ավելի քան 170 ազգություն, մենք արդեն ութ տարի է՝ օգտվում ենք պետության բարիքներից, որն աջակցում է մեր մշակույթին, ավանդույթներիին, լեզվին։ Պետությունն օգնում է մեզ այս հարցում, ուստի ժամանակն է, որ մենք երախտագիտությամբ պատասխանենք»,–ասել է Հակոբյանը։
Իր հերթին Ղրիմի հայ համայնքի փոխնախագահ Շամիր Խուբլարյանը նշել է, որ օգնությունը հավաքվել է ընդամենը երկու-երեք օրում։
Նախկինում հայ համայնքը հոսպիտալին ուղարկել էր ավելի քան 120 տոննա մարդասիրական օգնություն։