Գերմանիան ու Ֆրանսիան Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել

Անալենա Բերբոկ
Լրացուցիչ պատժամիջոցները կարող են ընդունվել ԵՄ–ի հաջորդ գագաթնաժողովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիան և Ֆրանսիան Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել կանանց բողոքի ցույցերն իբր դաժանաբար ճնշելու կապակցությամբ։ Այս մասին Բեռլինում ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը։
«Մենք այսուհետ ևս կլինենք այդ մարդկանց (ովքեր ցույցի են դուրս եկել Իրանում) ձայնը»,-ասել է նա` տեղեկացնելով, որ Բեռլինում Իրանի դեսպանն արդեն երկու անգամ ԱԳՆ է կանչվել բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Նա հավելել է, որ նրանց դեմ, ովքեր պատասխանատվություն են կրում դաժան բռնաճնշումների համար, երկրները կգործարկեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները:
Խոսքը նոր պատժամիջոցների մասին է, որոնք Գերմանիան Ֆրանսիայի հետ նախաձեռնել է եվրոպական մակարդակով ի լրումն արդեն գոյություն ունեցող պատժամիջոցների փաթեթների, որոնք վերաբերում են իրանական ավելի քան 550 կառույցների, ինստիտուտների կամ անձանց:
Բերբոկը հույս է հայտնել, որ լրացուցիչ պատժամիջոցները կընդունվեն ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովում:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին Մահսա Ամինին ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։ Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված է ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել է։ Բնակիչները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծվելուց հետո։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի մի շարք խոշոր քաղաքներում։
Իրանում տեղի ունեցած անկարգությունները ծրագրվել էին ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից. Խամենեի